Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ

Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ
08.08.2008 | 00:00

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹ, ՈՐ ՆԵՐԱՌՈՒՄ Է...
«Եթե մենք չկարողացանք առևտրի ոլորտում, հատկապես տոնավաճառներում, կարգավորել առկա խնդիրները, մասնավորապես ՀԴՄ-ների պարտադիր ներդրումն ու կիրառումը, ինչպես նաև տոնավաճառներում աշխատող առևտրային սուբյեկտների գրանցման խնդիրը, ապա կնշանակի` չենք կարող պայքարել ստվերի դեմ։ Տոնավաճառների կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ այս խնդիրն ամենայն լրջությամբ քննարկվել է. մենք նրանց դիտարկում ենք որպես գործընկերներ։ Եվ, փառք Աստծո, նրանք հասկանում են խնդրի կարևորությունը, և յուրաքանչյուրը պետք է աջակցի բարեփոխումների իրագործմանը։ Ցավոք, արդեն փորձեր են արվում բարեփոխումների դրույթները խեղաթյուրելու, նշելով, թե հարկային բեռը դրվելու է ՓՄՁ-ների վրա։ Դա այդպես չէ, բեռը հիմնականում կիսելու են խոշոր ձեռնարկատերերը։ Եվ վերջիններս բարձր գիտակցումով են ըմբռնում խնդրի կարևորությունն ու իրենց աջակցությունն են մեզ հայտնել»,- ասաց վարչապետը կառավարության հերթական նիստում, երբ հարկային ծառայության պետի տեղակալ Ահարոն Չիլինգարյանը ներկայացրեց բարեփոխումների փաթեթը, որը ներառում է մի շարք օրենքներում փոփոխություններ և 5 նորմատիվային ակտերի ընդունում։ Հատկապես լայն քննարկման առիթ դարձավ առևտրի վայրերի կանոնակարգման խնդիրը, որը պետք է լիցենզավորվի, կարևորվեց ՀԴՄ-ների պարտադիր կիրառումը, մեկ ցանցով դրանց կապված լինելը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ահարոն Չիլինգարյանը կրկին անդրադարձավ ՀԴՄ-ների պարտադիր կիրառման և տոնավաճառներում աշխատող սուբյեկտների գրանցման չարչրկված հարցին։ Ըստ ներկայացվածի, տոնավաճառներում առևտուր իրականացնող սուբյեկտները, որպես ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետք է գրանցվեն պետական ռեգիստրում։ Բացի այդ, մեկ այլ նորամուծություն հնարավորություն է ընձեռելու տնտեսավարողին, որպեսզի հետագայում ինքն ընտրություն կատարի՝ պարզեցվա՞ծ, թե՞ սովորական հարկի դաշտում գործել։ Առաջին հայացքից թվում է՝ էլ ինչ խնդիր, հատկապես եթե նկատենք, որ, ըստ ՀՊԾ պետի տեղակալի, ուսումնասիրություն է կատարվել շուրջ ութ տոնավաճառներում, ինչի արդյունքում պարզվել է, որ մի շարք տոնավաճառներում աշխատողների 50 տոկոսից ավելին գրանցված չէ։ Դրա հետ մեկտեղ բանախոսը նկատեց, որ եղել են տոնավաճառներ, որտեղ աշխատողների 99 տոկոսը գրանցված է եղել։ Ինչ խոսք, աշխատողների գրանցման արդյունքում պետբյուջեն կշահի, սակայն որքանո՞վ է դա ձեռնտու փոքր և միջին ձեռնարկատերերին։ Ինչպես կկարգավորվի այս դեպքում խնդիրը, և ինչ փոխզիջումներ կլինեն փոքր ու միջին ձեռնարկատերերի և տոնավաճառի կազմակերպչի միջև, ժամանակը ցույց կտա։
Քանի որ այս նոր կարգը ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում պարտադիր գրանցում է ենթադրում, ապա ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը վստահեցրեց, որ պետռեգիստրում գրանցումը կիրականացվի մեկ օրում, որի համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճենը, լուսանկար, վճարել 3 հազար դրամ պետտուրք։ Եվ որպեսզի տոնավաճառներում առևտուր իրականացնողները չդժգոհեն, թե իրենց գործից կտրում են, ապա նշվեց, որ տոնավաճառներում պետռեգիստրի աշխատողները կկազմակերպեն անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը։ Ինչպես ասում են՝ եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ։
Համենայն դեպս նիստում վարչապետն առաջարկեց ներկայացված հարկային բարեփոխումների փաթեթը քննարկել ԱԺ արտահերթ նիստում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 13231

Մեկնաբանություններ